Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները Փարիզի պարալիմպիկ խաղերում

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ավարտվել են 2024 թվականի պարալիմպիկ խաղերը, որին Հայաստանի 3 ներկայացուցիչ է մասնակցել:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ առաջինը պայքարի է դուրս եկել աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանը՝ հանդես գալով F55 սպորտային դասակարգմամբ: Պարաաթլետիկա մարզաձևի գնդի հրում վարժությունում Ստեփանյանը 10,41 մետր արդյունքով զբաղեցրել է 8-րդ տեղը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սմբատ Կարապետյանը Փարիզի պարալիմպիկ խաղերի սայլակավազք մարզաձևի T54 դասակարգման խմբում 14 մասնակիցների պայքարում 16:98 վայրկյան արդյունքով զբաղեցրել է 12-րդ տեղը: Կարապետյանը Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում հանդես է եկել սայլակավազք մարզաձևի 100 մ մրցավազքում:

Հայաստանի վերջին ներկայացուցիչ, պարածանրորդ Գրետա Վարդանյանն էլ գրավել է 6-րդ հորիզոնականը՝ անձնական երեք ռեկորդ սահմանելով: Նախ նա բարձրացրել է 104 կգ, 108 կգ կշռող ծանրաձողերը, ապա ուժերի գերլարումով հաջող է կատարել 114 կգ քաշով մոտեցումն ու զբաղեցրել 6-րդ տեղը:

Մրցելույթներից հետո Հայաստանի պարալիմպիկ հավաքականի անդամները Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի մասնաճյուղի գրասենյակում հանդիպել են հայ համայնքի ներկայացուցիչների ու երկրպագուների հետ: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀԲՄԸ Ֆրանսիայի մասնաճյուղի նախագահ Նադյա Գործունյանը, Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Աստրիդ Փանոսյանը, հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ ֆրանսահայեր և ֆրանսիացիներ։

Ողջունելով ներկաներին՝ ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղի նախագահը նշել է, որ Ֆրանսիայի հայկական համայնքի համար մեծ հպարտություն է տեսնել հայ մարզիկների մասնակցությունն ինչպես օլիմպիական, այնպես էլ պարալիմպիկ խաղերին: Նրա խոսքով՝ այդ մասին են վկայում նաև մրցումների ընթացքում ծածանվող Հայաստանի բազմաթիվ դրոշները։

Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ մրցումների ողջ ընթացքում մեր մարզիկները զգացել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության և հայ համայնքի աջակցությունը, ինչը քաջալերել է նրանց գերազանցել երբևէ գրանցած արդյունքները և նոր հաջողություններ արձանագրել։

Ողջույնի խոսքում դեսպան Հասմիկ Տոլմաջյանը շնորհավորել է հայ մարզիկներին փայլուն մրցելույթների համար և շնորհակալություն հայտնել Հայաստանի արժանապատիվ մասնակցությունն ապահովելու համար։ Նա նշել է, որ պարալիմպիկ հայ մարզիկների դրսևորած կամային բացառիկ հատկանիշները ողջ հայ ժողովրդի համար ոչ միայն հպարտության, այլև ոգեշնչման աղբյուր են:

Ելույթներից հետո ներկաները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել հայկական պատվիրակության անդամներին։

Նշենք՝ 2024 թվականի պարալիմպիկ խաղերում 4400 պարալիմպիկ աթլետ մրցել է 20 մարզաձևում. 11 մրցութային օրերի ընթացքում նրանք պայքարել են մեդալների 549 հավաքածուի համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print