Մենք հենց այսօր, ըստ էության, ունենք ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության արդեն պաշտոնական մեկնարկ. Միրզոյան

Մենք շատ լավ հիմքեր ենք ձևավորել արդեն ոլորտային համագործակցության համար՝ տնտեսություն, կրթություն, մնացած բոլոր ոլորտները, որոնք այս պահին, իհարկե, պետք է խոստովանենք՝ մի փոքր հետ են մեր քաղաքական երկխոսության մակարդակից, բայց հիմքերը բավականին լավն են։

Իմ և հարգելի նախարարի միջև շփումները պարբերական են, հաճախակի, և մենք բավականին հաճախ առիթ ենք ունենում խոսել և՛ երկկողմ հարաբերությունների, և՛ ՀՀ-ԵՄ հարաբերությունների, և՛ տարածաշրջանային մեր հարցերի մասին, բայց հատկապես ուրախ եմ ողջունել նախարարին և իր պատվիրակությանը «Երևանյան երկխոսություն» միջոցառմանը մասնակցելու առիթով: Ես վստահ եմ, հարգելի՛ պարոն նախարար, ձեր ներդրումը մտքերի փոխանակությանը շատ արժեքավոր կլինի, և մեզ համար շատ ողջունելի է դա: Այդ մասին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավիե Բետելի հետ համատեղ ասուլիսին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Փետրվարին, եթե հիշում եք, ես այց ունեցա Լյուսքսեմբուրգ, և այնտեղ մենք բացեցինք մեր դիվանագիտական գրասենյակը, դա ևս շատ շոշափելի և կոնկրետ ապացույցն է այն բանի, թե ինչպես ենք մենք տրամադրված Լյուքսեմբուրգի նկատմամբ, և մեր և Լյուքսեմբուրգի ունեցած հարաբերությունների առնչությամբ: Մենք շատ լավ հիմքեր ենք ձևավորել արդեն ոլորտային համագործակցության համար՝ տնտեսություն, կրթություն, մնացած բոլոր ոլորտները, որոնք այս պահին, իհարկե, պետք է խոստովանենք՝ մի փոքր հետ են մեր քաղաքական երկխոսության մակարդակից, բայց հիմքերը բավականին լավն են»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ համագործակցությունը չի սահմանափակվում երկկողմ օրակարգով: «Մենք և՛ Լյուքսեմբուրգում, և՛ Հայաստանում համագործակցությամբ, շոշափելի դրական արդյունքներով և մշտապես դրական տրամադրվածությամբ համագործակցություն ունենք միջազգային զանազան հարթակներում, որտեղ մենք հաճախակի աջակցում ենք միմյանց նախաձեռնությունները և միմյանց թեկնածությունները: Այս մեր հանդիպման ընթացքում կարևորել ենք բազմակողմ հարթակներում մեր համագործակցությունը»,- նշեց նա:

Միրզոյանն ասաց, որ օրակարգի կարևոր մաս են ՀՀ-ԵՄ հարաբերությունները:

«Մենք հենց այսօր, ըստ էության, ունենք ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության արդեն պաշտոնական մեկնարկ: Մենք ունենք մինչ այդ այս մասին դրական ուղերձը ԵՄ-ից, մենք ունենք խաղաղության աջակցության գործիքի ներքո ԵՄ-ի աջակցության մասին որոշումը, մենք մեր սահմանին ունենք Եվրոպական միության դիտորդական առաքելությունը, և պետք է ևս մեկ անգամ փաստենք, որ իր տեղակայման վայրից այս գործիքը, այս առաքելությունը բավականին արդյունավետ է եղել իրավիճակը մշտադիտարկելու և, ըստ էության, որոշակի կայունություն ապահովելու գործում: Սրանք մի քանիսն են այն գործիքներից, որն ունենք ԵՄ-ի հետ: Մենք հիմա միասին աշխատում ենք, նոր գործընկերության օրակարգի ձևավորման վերջնականացման այս օրակարգի փուլում ենք, աշխատում ենք այս ուղղությամբ, և ուզում եմ ձեր ներկայությամբ երախտիքս հայտնել նաև նախարար Բետելին այս ամբողջ ընթացքում Լյուքսեմբուրգի հստակ, աներկբա աջակցությունն ունենալու համար»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print