Համաձայնագրի նպատակը համատեղ ջանքերի ներդրման, տեխնոլոգիաների, նորարարությունների, ֆինանսավորման ներդաշնակեցման միջոցով արևային էներգետիկան զարգացնելն է, ինչը կնպաստի ժողովուրդների բարեկեցության, էներգետիկ անվտանգության ապահովմանը և կայուն զարգացմանը:
Հաշվի առնելով Հայաստանում արևային էներգիայի ներուժը, ոլորտի զարգացման դինամիկան և հեռանկարները՝ Միջազգային արևային դաշինքին միանալը հնարավորություն կստեղծի մեր երկրին ներգրավված լինելու արևային էներգետիկայի զարգացման միջազգային գործընթացներին, ծանոթանալու բնագավառի զարգացման նորագույն առաջանցիկ տեխնոլոգիաներին, ներկայացնելու սեփական հաջողված փորձը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը՝ ԱԺ հերթական նիստում ««Միջազգային արևային դաշինքի (ՄԱԴ) հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս:
Համաձայնագրի նպատակը համատեղ ջանքերի ներդրման, տեխնոլոգիաների, նորարարությունների, ֆինանսավորման ներդաշնակեցման միջոցով արևային էներգետիկան զարգացնելն է, ինչը կնպաստի ժողովուրդների բարեկեցության, էներգետիկ անվտանգության ապահովմանը և կայուն զարգացմանը:
Շրջանակային համաձայնագիրը մեր երկրի կողմից ստորագրվել է 2023 թվականի նոյեմբերի 16-ին: Ներկայումս համաձայնագիրը ստորագրել են 118 պետություն:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հետաքրքրվել է Հայաստանում էներգիայի կուտակիչներ ներդնելու հեռանկարով: Հարցին ի պատասխան՝ Հակոբ Վարդանյանը նշել է, որ Կառավարությունը ենթաօրենսդրական ակտերի մակարդակում մշակում է դրույթներ, որոնք հնարավոր կդարձնեն կուտակիչների շուկայի զարգացումը, քանի որ միայն սուբսիդիաների միջոցով հնարավոր չէ հարցը կարգավորել, անհրաժեշտ են շուկայական մեխանիզմներ:
Հարակից զեկույցում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը բարձրաձայնել է հանձնաժողովի դրական եզրակացության մասին: