Գործադիրը փոփոխություն և լրացում է առաջարկում Աշխատանքային օրենսգրքում: Փոփոխությունը 265-րդ հոդվածի մասով է, վերաբերում է հարկադիր պարապուրդին: Հարկադիր պարապուրդի հասկացությունը տրված չէ Աշխատանքային օրենսգրքով: Ներկա կարգավորումներով անձը մի վայրից աշխատանքից ազատվում է և վաղուց աշխատում է այլ վայրում, բայց քանի դեռ վիճարկվում է առաջին աշխատավայրից ազատման հիմքերի օրինականության հարցը և մինչև դատական ակտի ուժի մեջ մտնելը, այդ հարկադիր պարապուրդը շարունակում է հաշվարկվել:
Անարդարացի մոտեցումը վերացնելու նպատակով նախատեսվում է հարկադիր պարապուրդի ժամանակահատվածում աշխատողի կողմից այլ գործատուի մոտ նոր աշխատանքի անցնելու դեպքերում տվյալ ժամանակահատվածի համար հարկադիր պարապուրդի համար վճարել նախկին աշխատանքի համար վճարված վերջին 9 ամսվա աշխատավարձի չափով գումար: Կվճարվի նաև նախկինում և հարկադիր պարապուրդի տվյալ ժամանակահատվածում նոր աշխատանքի դիմաց ստացած աշխատավարձերի դրական տարբերությունը: Եթե աշխատողն ինն ամսից պակաս է աշխատել, ապա տրվելու է այդ ժամանակահատվածի համար վճարված աշխատավարձի չափով գումար:
Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող լրացումը և փոփոխությունը հերթական նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնել է Մարիամ Պողոսյանը: