Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը միտված գործընթացը

Երկուստեք ընդգծվել է հատկապես տնտեսության ու առևտրի բնագավառում համագործակցության ծավալների ընդլայնման նպատակով լրացուցիչ համատեղ ջանքերի կարևորությունը։

Սեպտեմբերի 10-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի ԱԳ և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով ակտիվ քաղաքական երկխոսությանը զուգահեռ շարունակել զարգացնել համագործակցությունը ոլորտային ուղղություններով: Երկուստեք ընդգծվել է հատկապես տնտեսության ու առևտրի բնագավառում համագործակցության ծավալների ընդլայնման նպատակով լրացուցիչ համատեղ ջանքերի կարևորությունը։ Նախարարներն անդրադարձել են նաև երկու երկրների մայրաքաղաքներում ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչությունների բացման պայմանավորվածության կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերին:

Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը միտված գործընթացը։ ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է, որ ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մասին որոշումը փաստացի կայացվեց ԵՄ խորհրդում Հունգարիայի ընթացիկ նախագահության ժամանակ՝ հույս հայտնելով, որ նախագահության հաջորդ ամիսների ընթացքում ևս հաջողությամբ կընթանան ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի ընդլայնման, համապատասխան փաստաթղթի հաստատման ուղղությամբ բանակցությունները:

Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Արարատ Միրզոյանը վերահաստատել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում հայկական կողմի մոտեցումը, որն արտացոլվել է խաղաղության պայմանագրի կնքման առաջարկում, ինչպես նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը միտված հայեցակարգում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print