Օգոստոսին ծրագրի շրջանակում ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներից շուրջ 120–ն արդեն մեկնել են Հունգարիա:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 1000 երեխա կկարողանան մեկնել Հունգարիա՝ մասնակցելու ամառային ճամբարի: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ զրույցում։
Ինչպես հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց աջակցության միջոցառումներին, իրականացված ու ընթացիկ ծրագրերը՝ այս համատեքստում շեշտելով նաև Հունգարիայի կառավարության կողմից ցուցաբերված աջակցության կարևորությունն ու դրա շարունակականության ապահովման պատրաստակամությունը։
Օգոստոսին ծրագրի շրջանակում ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներից շուրջ 120–ն արդեն մեկնել են Հունգարիա:
Նախարարներն ընդգծել են, որ նման նախաձեռնությունները ոչ միայն նոր փորձառություն ու լավ ժամանց են հաղորդում երեխաներին, այլև էապես նպաստում նրանց հուզական և հոգեբանական ապաքինմանը: Նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ։