ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մանրամասներ է հայտնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցություններից։ Համաձայնեցված և չհամաձայնեցված հոդվածների մասին վարչապետը փակագծեր չբացեց, միայն ասաց՝ համաձայնեցված է նաև նախաբանը, փաստաթղթի վերնագիրը:
«Կա 13 հոդված, որոնք ամբողջությամբ ու պաշտոնապես համաձայնեցված են խաղաղության պայմանագրի նախագծում, նախաբանն ամբողջությամբ համաձայնեցված է, թղթի վերնագիրն ամբողջությամբ համաձայնեցված է, ևս 3 հոդված մասնակի է համաձայնեցված․ այսինքն, հոդվածում կան մասեր, կա նախադասություն, որ համաձայնեցված է, կա նախադասություն, որ՝ ոչ։ Կա ևս մեկ հոդված, որ ընդհանրապես համաձայնեցված չէ»,- ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ պայմանագրի 2-րդ, 3-րդ խմբագրություններն ունեցել են 18 հոդված, որոնք, սակայն, հետո դուրս են եկել. «Ադրբեջանն ինքը հայտարարեց կոմունիկացիաների հոդվածի դուրս գալու մասին․ այսինքն, մնացել է 17-ը»,- ասել է նա։
Փաշինյանը կրկնել է առաջարկը՝ ստորագրել համաձայնեցված հոդվածները, ապա շարունակել քննարկումները մյուս հարցերի վերաբերյալ. «Կա համաձայնեցված հոդված այս նախագծում, որն ասում է՝ կա մեխանիզմ, որն այս պայմանագրի իրականացման ընթացքի շուրջ կողմերն անընդհատ կոնսուլտացիայի մեջ են լինելու, հանձնաժողովի նման մարմին է լինելու, նաև՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատում է ենթադրում»։
Ըստ վարչապետի՝ եթե կանխավարկածը լինի այն, որ բոլոր կարևոր հարցերը լուծենք, նոր ստորագրենք, նշանակում է՝ այն երբեք չենք ստորագրի, որովհետև միշտ էլ կլինեն կարևոր հարցեր, որոնք պետք է համաձայնեցնել. «Եթե ևս 4 կարևոր հարցի շուրջ գանք համաձայնության, կմնա ևս 4 կարևոր հարց, որ պետք է համաձայնեցնել»։ Ավելին, ըստ նրա, երկրների հետ, որոնց հետ Հայաստանն ունի տևական հարաբերություններ, կան բազմաթիվ չհամաձայնեցված կարևոր հարցեր։
Վարչապետը նաև ասել է. «Մենք չենք առաջարկում 13 հոդվածանոց խաղաղության պայմանագիր, առաջարկում ենք 16 հոդվածանոց պայմանագիր, և բոլոր 16 հոդվածների համար ունենք համաձայնեցված բովանդակություն։ Երեք հոդվածի համար բովանդակությունը, սկզբնականի համեմատ, մասամբ է համաձայնեցված, մնացածը՝ ամբողջությամբ»։