Կհեշտացվի ԵԱՏՄ երկրների արտահանողների մուտքը երրորդ երկրների շուկաներ

ԱԺ–ն վավերացրել է «ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագիրը։

Պատասխանելով պատգամավորների հարցերին` ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը նշել է, որ համաձայնագրի վավերացմամբ կլուծվեն թանկարժեք մետաղներից պատրաստված ոսկերչական զարդերի ծագման մասին հավաստագրերի հետ կապված հարցերը։ Պաշտոնյաների խոսքով` կես տարի առաջ արտադրողների միասնական ռեեստր էր ստեղծվել, որում կարող են գրանցվել թանկարժեք մետաղներից իրեր արտադրող ընկերությունները։ Արտահանման դեպքում դա վկայելու է այն մասին, որ ապրանքն արտադրված է Հայաստանում։

Վավերացված համաձայնագիրը սահմանում է ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու միասնական մոտեցումները։ Փաստաթղթի դրույթները միտված են ներդաշնակեցնելու անդամ պետությունների լիազորված կազմակերպությունների գործունեությունը արտահանողների հետ փոխգործակցության և ապրանքների ծագման հավաստագրերի տրամադրման մասով:

Բացի այդ, փաստաթղթով իրավական հիմք է դրվում միությունում նոր` լիազորված արտահանողների ինստիտուտի ձևավորման համար, որը թույլ կտա հաստատել ԵԱՏՄ ազատ առևտրի գործընկեր երկրներ մատակարարվող ապրանքների արտոնյալ ծագումը պարզեցված ձևաչափով։

Համաձայնագիրը Մոսկվայում 2023 թվականի նոյեմբերի 23-24-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի շրջանակում ստորագրել էին ԵԱՏՄ երկրների փոխվարչապետները։

«ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագիրը մշակվել է «Մինչ 2025թ. եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները» փաստաթղթի 3.1.7 կետի համաձայն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print