Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ԵՄ–ի հետ վիզաների ազատականացումը.Զախարովա

Եվրամիության և Հայաստանի միջև մուտքի արտոնագրերի ազատականացման քննարկումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, այս հարցը Մոսկվան Երևանի հետ չի քննարկել, սակայն թեման կարող է քննարկման առարկա դառնալ առաջիկա երկկողմ բանակցություններում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Սեպտեմբերի 9-ին Երևանում պաշտոնապես հայտարարեցին Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մասին։

«Հայաստանցի գործընկերների գործողություններն այս ուղղությամբ նրանց ինքնիշխան իրավունքն ու որոշումն են։ Մենք նման բանակցություններից վտանգ կամ բացասական հետևանքներ չենք տեսնում Ռուսաստանի և Հայաստանի միջև առանց վիզայի ռեժիմի համար, որը գործում է 2000 թվականի սեպտեմբերի 25-ի միջկառավարական համաձայնագրի հիման վրա»,-ասել է Զախարովան։

Միաժամանակ նա հավելել է, որ վիզային ռեժիմի հարցը կարող է քննարկվել առաջիկա երկկողմ հանդիպումներում, քանի որ այն կապված է հյուպատոսական և սահմանային նրբությունների հետ:

Զախարովան նաև նշել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում Արևմուտքի առատաձեռնությունը պետք է զգուշությամբ ընդունել, և ընդգծել է, որ վիզաների ազատականացումը կոնյունկտուրային բնույթ է կրում՝ թելադրված Հարավային Կովկասում ազդեցությունն ուժեղացնելու և տարածաշրջանում աշխարհաքաղաքական մրցակցություն հրահրելու ԵՄ-ի ձգտմամբ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print