Հայաստանը գործընկերների հետ քննարկում է Սև ծովի հատակով ինտերնետ-մալուխի անցկացման հարցը

Նոր մալուխի տեղադրումը կարժենա 45 մլն եվրո։

Հայաստանը համապատասխան աշխատանք է տանում Սև ծովի հատակով ինտերնետ-մալուխի անցկացման նախագծին միանալու համար։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից՝ ի պատասխան գրավոր հարցման։

Մալուխի անցկացման հարցը Երևանը Թբիլիսիին առաջարկել է այն բանից հետո, երբ Caucasus Online ընկերության մեծածախ ինտերնետի բաժնետոմսերը գնել է ադրբեջանցի գործարար Նասիմ Հասանովը: Երևանը մտավախություն ունի, որ ադրբեջանական կողմը յուրային գործարարի միջոցով կվերահսկի հայկական ինտերնետ-թրաֆիկը։

«Սև ծովի հատակով նոր մալուխի անցկացման հարցը Հայաստանը քննարկում է տեղական և միջազգային գործընկերների հետ», – պատասխանել են հարցմանը։

Ներկա դրությամբ վերջնական նախագիծ չկա, հստակեցրել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում։

Գերատեսչությունում կարծում են, որ նախագծի իրականացումը թույլ կտա ապահովել ինտերնետ-դիվերսիֆիկացիան, բարձրացնել կապի հուսալիության աստիճանը և արտաքին գործոններից դրա անկախությունը: Բացի անվտանգության ապահովումից, հայկական կողմն ակնկալում է տարածաշրջանում ինտերնետ-տարանցող դառնալ։

Բացի այդ, նախագիծը կխթանի Հայաստանի համագործակցությունը Ռուսաստանի, Վրաստանի, Բուլղարիայի, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ, Հյուսիս-Հարավ և Արևմուտք-Արևելք տարածաշրջանային միջանցքներում կդառնա կարևոր կապող օղակ: Հայաստանը արտաքին ինտերնետ-թրաֆիկ է ստանում Եվրոպայից՝ Թուրքիայի և Վրաստանի տարածքով։

Հիշեցնենք, որ նոր մալուխի տեղադրումը կարժենա 45 մլն եվրո։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print