Վերեւ նայեցինք՝ ադրբեջանցիները գայլի ոհմակի նման գալիս էին․ «Հրապարակ»

Համացանցում շրջանառվում են տեսանյութեր, որտեղ երեւում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները քշում սեպտեմբերի 13-ի պատերազմի ժամանակ հայ հովիվներից գողացած ոչխարի հոտերը։ Մենք ավելի վաղ անդրադարձել էինք Ներքին եւ Վերին Խնձորեսկի գյուղացիներին պատկանող ոչխարի հոտի առեւանգման փաստին։ Մասնավորապես, Ներքին եւ Վերին Խնձորեսկ վարչական շրջանների ղեկավար Երվանդ Մալունցն ասել էր, որ սեպտեմբերյան պատերազմի ժամանակ Խնձորեսկն ադրբեջանցիների կողմից առեւանգված ոչխարների ու տեխնիկայի մեծ կորուստ է ունեցել: Ընդհանուր վնասը կազմում է մոտ 350 միլիոն դրամ, որը մեկ գյուղի համար ահռելի գումար է՝ մարդիկ առանց ապրուստի են մնացել։

Փորձեցինք կապ հաստատել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի եւ փոխմարզպետ Նարե Ղազարյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Իսկ Սյունիքի մարզպետի օգնական Արմինե Ավագյանը մեզ ասաց, որ այս խնդրին բախվել են ոչ միայն Վերին եւ Ներքին Խնձորեսկի բնակիչները, այլեւ Գորիս համայնքի այլ գյուղերում, Տեղ համայնքում, ոչ միայն մոտ 7 հազար գլուխ ոչխար են առեւանգել ադրբեջանցիները, այլեւ խոշոր եղջերավոր անասուններ, ձիեր։

«Հատ-հատ գույքագրվել են այդ ամեն ինչի տվյալները, մարզպետարանը գնացել՝ մեկ-մեկ գրանցել է, թե որ համայնքի որ բնակիչն ինչ կորուստ ունի, այդ ամեն ինչը ներկայացվել է կառավարություն։ Քանի որ դա միայն Սյունիքի խնդիրը չէ, նույն խնդիրը կա մյուս երկու մարզում՝ Վայոց Ձոր, Գեղարքունիք։ Կառավարությունն ինչ-որ որոշում պետք է կայացնի՝ այդ խնդիրը լուծելու համար։ Ահագին մեծ գումարի մասին է խոսքը, միայն մեր մարզի կտրվածքով՝ միլիոնների մասին է խոսքը գնում»: Ավագյանը նշեց նաեւ, որ այժմ սպասում են կառավարության որոշմանը, որով պետք է լուծում տրվի այդ հարցին, իսկ մարզպետարանը չի կարող այդ հարցը լուծել՝ լուրջ գումար է պետք, մարզպետարանը հաշվետվությունը ներկայացրել է։

Մեր դիտարկմանը, թե ինչու գոնե չեն փորձում բանկերի հետ համաձայնության գալ, մարզպետի օգնականն ասաց, որ մասնավոր ոլորտ են բանկերը, եւ ինքը դժվարանում է որեւէ բան ասել այդ մասով։ Ինչ վերաբերում է բնակիչների դժգոհություններին, որ բողոքում են մարզպետի կամ մարզպետարանի անուշադրությունից, Արմինե Ավագյանն ասաց, որ բնակիչներն ակնկալում են փոխհատուցում, ինչը կառավարության իրավասության տիրույթում է։

Ինչ վերաբերում է գյուղացիների վարկերին, ապա մարզպետարանը տեղեկանք է կազմել, թե ով որ բանկում ինչքան վարկի ունի, որքան է կազմում մնացորդը, եւ այդ ամբողջ ինֆորմացիան եւս փոխանցվել է կառավարություն։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print