Ֆրանսիան աջակցելու է Հայաստանին, դիտորդական առաքելությունը շարունակվելու է. նախարար

Ադրբեջանը շուտով կհյուրընկալի COP29-ը, նրա պատասխանատվությունն է ցույց տալ, որ անկեղծորեն ցանկանում է հասնել խաղաղության նախքան COP29-ը։

«Ֆրանսիան միշտ ձեր կողքին է, Ֆրանսիայում քիչ թեմաներ կան, որոնց դեպքում բոլոր քաղաքական ուղղությունները համաձայն են, Հայաստանը դրանցից մեկն է»,- ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցից հետո հայտարարեց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն։

Նա տեղեկացրեց, որ ՀՀ ԱԳ նախարարի հետ խոսել են տարածաշրջանային իրավիճակից, նշեց՝ Ֆրանսիան աջակցում է հնարավորինս արագ ստորագրումը մի պայմանագրի, որ արդար և կայուն խաղաղություն կհաստատի՝ հարգելով երկու երկրների սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը։

«Հարավային Կովկասը պետք է դառնա խաղաղության և համագործակցության մի շրջան, որը նաև Հայաստանին առևտրի զարգացման և բարգավաճման հնարավորություն կտա։ Հայաստանը ցանկանում է խաղաղություն, Ֆրանսիան, միջազգային հանրությունը ցանկանում են խաղաղություն։ Ադրբեջանը շուտով կհյուրընկալի COP29-ը, նրա պատասխանատվությունն է ցույց տալ, որ անկեղծորեն ցանկանում է հասնել խաղաղության նախքան COP29-ը»,- ասաց նա։

Սեժուրնեն հայտնեց՝ Ֆրանսիան աջակցելու է Հայաստանին նաև եվրոպական հարթակներում, դիտորդական առաքելությունը պետք է շարունակվի։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print