Գիտակցում եմ, թե ինչքան կարևոր է Անահիտ աստվածուհու պատկերը բոլոր հայերի համար, և ինձ համար իսկապես հաճելի է, որ Բրիտանական թանգարանի և Հայաստանի պատմության թանգարանի միջև այս համագործակցությունը հնարավոր դարձրեց այս իրադարձությունը Երևանում:
Այդ մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը՝ անդրադառնալով Անահիտ աստվածուհու արձանից պահպանված ցուցանմուշները Հայաստանում ցուցադրելուն:
«Իսկապես սքանչելի է, որ Բրիտանական թանգարանը նոր գործընկերներ գտավ՝ կիսվելու այն գանձերով, որոնց տիրապետում է: Ավելի քան 5000 ցուցանմուշներ ունի թանգարանը աշխարհով մեկ, և սքանչելի է, որ գտանք մի բան, որն արձագանքում է Հայաստանի ժողովրդի սրտում»,- ասաց նա:
Ջոն Գալագերը նաև կարծում է, որ Անահիտ աստվածուհու արձանի ցուցադրությունը շատ զբոսաշրջիկներ կբերի Հայաստան:
«Սա արժեքավոր միջոց է՝ ընդգծելու Հայաստանի մշակույթի հարստությունը և այն փաստը, որ Բրիտանական թանգարանը դեր ունի խաղալու այդ պատումն աշխարհով մեկ կիսվելու, և Հայաստան բերելը հնարավորություն է ընձեռում հայերին՝ ավելի լավ գնահատելու սեփական մշակույթի հարստությունը»,- ասաց նա: