Հիվանդանոցում հարձակվել են բժշկի վրա

Օրերս միջադեպ է տեղի ունեցել «Միքայելյան» բժշկական կենտրոնում. հիվանդի հարազատը հարվածել է բժշկին, ինչի հետևանքով նա վայր է ընկել ու կոտրել ձեռքը։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2024թ․ սեպտեմբերի 14-ին «Միքայելյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ներկայացվել, որ նույն օրը՝ ժ․10:30-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնում վիրահատված 72–ամյա կնոջ թոռը հետևից երկու անգամ հարվածել է բժշկի պարանոցին, որի հետևանքով նա կորցրել է հավասարակշռությունը, վայր ընկել գետնին՝ կոտրելով աջ ձեռքի ուսային հատվածի ոսկորը:

Դեպքի առթիվ քննչական կոմիտեի Երևանի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ բժիշկը ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել դեպքի հանգամանքների շուրջ: Վերջինիս վերաբերյալ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք: Քննության համար էական նշանակություն ունեցող տեղեկություններ ձեռք բերելու նպատակով ոստիկանության համապատասխան բաժնին տրվել է հանձնարարություն՝ իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ»,- հավելեցին ՔԿ-ից։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print