Իրանը և ՌԴ–ն պատրաստվում են հնարավորինս շուտ իրականացնել «Հյուսիս-հարավ» նախագիծը. նախարար

 Իրանն ու Ռուսաստանը մտադիր են որքան հնարավոր է շուտ իրականացնել «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի (ՄՏՄ) նախագիծը: Այս մասին հայտարարել է Իրանի էկոնոմիկայի նախարար Աբդոլ-Նասեր Հեմաթին, հայտնում է Sputnik Արմենիան։

«Իրանն ու Ռուսաստանը վճռական են «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքը հնարավորինս շուտ իրականացնելու հարցում»,-ընդգծել է իրանցի պաշտոնյան:

«Հյուսիս-հարավ» ՄՏՄ-ի մասին միջազգային համաձայնագիրը ստորագրվել է 2000թ.-ի սեպտեմբերի 12-ին Սանկտ Պետերբուրգում: Նախագիծը վերաբերում է 7,2 հազար կմ երկարությամբ տրանսպորտային միջանցքի, որը պետք է ապահովի Բալթյան տարածաշրջանի և Հնդկաստանի միջև կապը Իրանի և Ռուսաստանի միջոցով: Միջանցքով հնարավոր է տարեկան 20-30 մլն տոննա բեռ տեղափոխել։ Երևանը «Հյուսիս-հարավ» ՄՏՄ-ի մասին համաձայնագրի լիիրավ մասնակից է դարձել 2004 թվականին։

Հայաստանը կարող է միջանցքին միանալ իր համանուն նախագծով՝ Հյուսիս-հարավ մայրուղիով։ Հնդկաստանից ապրանքները կարող են տեղափոխվել Իրան, այնուհետև Հայաստան, այստեղից էլ՝ Ռուսաստան (նավահանգիստներով կամ Վերին Լարսի անցակետով)։ Դա համաձայնագրի մասնակից մյուս երկրների (Ռուսաստան, Իրան, Հնդկաստան, Օման, Ղազախստան, Բելառուս և այլն) հետ համագործակցության հնարավորություններ կբացի Հայաստանի համար՝ ենթակառուցվածքների զարգացման, միջազգային փոխադրումների, սահմանահատման ընթացակարգերի պարզեցման և այլ հարցերի շուրջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print