Մեղրիում նախատեսվում է ոստիկանության մասնագիտացված բաժանմունք ստեղծել

Սյունիքի մարզում՝ Մեղրիում, ոստիկանության մասնագիտական ստորաբաժանում կբացվի։ Այս մասին այսօր ոստիկանության պետ Վահե Ղազարյանն տեղեկացրել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, տեղե։

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը խոսել են թմրամիջոցների դեմ պայքարի մասին։

«ՀՀ ոստիկանապետը նշել է, որ քրեական ոստիկանության կազմում ստեղծվել է նոր վարչություն, որի հիմնական գործառույթն է սոցցանցերում և տեղեկատվական հարթակներում ապօրինի թմրաշրջանառության դեպքերի կանխումն ու բացահայտումը։ Ղազարյանը շեշտել է, որ այդ վարչության կազմում նախատեսվում է ստեղծել բաժանմունք, որը տեղակայված կլինի Մեղրիում»,– տեղեկացնում է ոստիկանությունը։

ՀՀ ոստիկանապետը խոսել է նաև համագործակցության մյուս ուղղությունների մասին և մատնանշել այս տարի Հայաստանում կատարված առանձնապես ծանր հանցագործության բացահայտման մասին, որի աշխատանքներին ներգրավված են եղել նաև Իրանի իրավապահներն ու դեսպանատունը։

Զոհուրին կարևորել է հայ-իրանական սերտ հարաբերությունները, որոնք օրըստօրե ավելի են զարգանում։ Ողջունելով Մեղրիում ոստիկանական մասնագիտական ստորաբաժանման ստեղծումը՝ նա նշել է, որ այն առավել կբարձրացնի անվտանգության մակարդակը սահմանին, և այդ ուղղությամբ հայտնել իրանական կողմի աջակցությունը։ Դեսպանը խոսել է նաև թմրամիջոցների և ահաբեկչության դեմ Իրանի իրավապահների պայքարի մասին։
Հանդիպմանը քննարկվել են նաև համագործակցության ընդլայնման ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print