Կենտրոնական Եվրոպայում ջրհեղեղների զոհերի թիվն անցել է 10-ը, կան անհետ կորածներ, հաղորդել են եվրոպական լրատվամիջոցները:
Վերջին տվյալներով՝ Ռումինիայում մահացել է յոթ մարդ, Լեհաստանում՝ 5, Չեխիայում՝ 1, Ավստրիայում՝ նույնպես մեկը։
Ջրհեղեղներից ջրի տակ են հայտնվել տասնյակ հազարավոր տներ, քանդվել են կամուրջներ ու ճանապարհներ, հարյուր հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության:
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը երկուշաբթի արտակարգ դրություն հայտարարել ջրհեղեղից տուժած տարածքներում։
Հարևան Չեխիայում փրկարարները հազարավոր մարդկանց տարհանել են ամենավտանգավոր շրջաններից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ավստրիայում առավել բարդ իրավիճակ է ստեղծվել Ներքին Ավստրիայի դաշնային երկրամասում, որն իշխանությունները հայտարարել են աղետի գոտի: Տարերքը վնասել է 12 ամբարտակ, 12 հազար տնային տնտեսություն մնացել է առանց էներգիայի մատակարարման:
Իսկ Հունգարիայում պատրաստվում են ջրհեղեղներին։ Տեղական օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ Բուդապեշտը կարող է տուժել վերջին տասնամյակների ընթացքում ամենասարսափելի ջրհեղեղից։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չեղարկել է բոլոր արտասահմանյան ուղևորությունները։
Օդերևութաբանները զգուշացրել են, որ իրավիճակը Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայում կարող է վատթարանալ։