ՀՀ-ն ճանաչում է տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, որևէ երկրից չունի տարածքային պահանջներ. Փաշինյան

«Այո՛, մենք ունենք օկուպացված տարածքներ՝ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր, բայց ես ուզում եմ ասել նաև, որ Հայաստանի Կառավարությունը ռազմական ճանապարհով այդ տարածքները վերադարձնելու խնդիր չի դնում»:

ՀՀ-ն սկսել է բանակի և ԶՈՒ-ի բարեփոխումներ, և սա նաև Ադրբեջանում է մասնավորապես քննարկվում, որ Հայաստանի կողմից զենք-զինամթերքի ձեռքբերումը նշանակում է, որ Հայաստանը չի ուզում խաղաղություն, ագրեսիվ նպատակներ ունի: Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ նման դիտարկում արեց ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը՝ այս համատեքստում ընդգծելով, որ ՀՀ-ն չունի տարածքային պահանջներ հարևաններից:

«Նախ ուզում եմ ասել, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը, եթե չեմ սխալվում՝ 51-րդ հոդվածը, յուրաքանչյուր երկրին իր ինքնապաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հնարավորություն է տալիս:

Եվ ես էլի ասում եմ, որ ՀՀ-ն ճանաչում է տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, որևէ երկրից չունի տարածքային պահանջներ:

Այո՛, մենք ունենք օկուպացված տարածքներ՝ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր, բայց ես ուզում եմ ասել նաև, որ Հայաստանի Կառավարությունը ռազմական ճանապարհով այդ տարածքները վերադարձնելու խնդիր չի դնում: Ինչո՞ւ, որովհետև կարծում ենք, մասնավորապես, վերջերս Ադրբեջանի հետ ստորագրված կանոնակարգը՝ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի վերաբերյալ, հնարավորություն է տալիս և հավանական է դարձնում, որ մենք բանակցային եղանակով սահմանազատման գործընթացում կկարողանանք մեր այդ խնդիրը լուծել»,- ասաց նա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print