Երկրում օրենքով հաստատված երթեւեկության կանոններ կան, բայց դրանք ամեն օր խախտվում են: Այդ մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բերվում է բացօթյա սրճարաններում ծխելու օրինակը. Ասում են է դե օրենքն ընդունեցիք, բայց մարդիկ ծխում են, նշանակում է այդքան էլ լավ օրենք չի, եկեք չեղարկենք: Ես ասում եմ՝ քրեական օրենսգիրք կա երկրում, բայց մարդիկ անընդհատ գողություն են անում: Հիմա գնանք այդ օրենքները չեղարկե՞նք: Մենք պետք է լինենք հետեւողական: Հակածխախոտային օրենքի հիմնական նպատակը ծխողի համար դիսկոմֆորտ ստեղծելն է: Եթե մարդը այսօր ծխում է բացօթյա սրճարանում, ինքը գիտի, որ հեսա կարող է գան, իրեն կամ սեփականատիրոջը բռնեն տուգանեն: Երկու անգամ, որ վախվորած, աջուձախ նայելով է ծխում, դրանով մենք մեր նպատակին հասնում ենք: Այլ բան, որ մենք հարկադրանքի այդ միջոցները պետք է ավելի էֆեկտիվ կիրառենք»,-ասաց նա՝ նկատելով. «Ծխողները խորամանկ ժպտում են»:
Վարչապետը նկատեց, որ պետք է նաեւ կողքի նստածը ասի՝ մի ծխիր, եղբայր, անհարմարություն ես պատճառում. «Սխալ է ընկալումը, որ ամեն ինչ պետք է անի իրավապահ մարմինը: Իրավակարգն այն է, որ եթե քաղաքացին չի կարողանում անի, այ դրանից հետո ոստիկանը անի»,-ասաց նա:
Կառավարության ղեկավարը ընդգծեց, որ շատ հաճախ մարդը պետական խոսակցությունները սերիալի պես են ընկալում․ «Ասում են՝ հա ասում, խոսում են էլի, ձևը էդ ա, բոլորն էլ տենց են ասում։ Մեր խնդիրն այն է, որ ուժեղացնենք քաղաքական տեքստերի ու իրականության կապը»: