Սեպտեմբերի 13-14-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Սյունիքի մարզի Սրաշեն և Ներքին Հանդ գյուղերի տները, գերեզմանոցները, դպրոցը, արոտավայրերն ու վարելահողերն ամբողջությամբ ադրբեջանական ԶՈւ–ի թիրախի տակ են հայտնվել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
«Այստեղ թիրախավորված են և՛ քաղաքացիական տները, և՛ արոտավայրերը, և՛ ճանապարհը, և՛ վարելահողերը։ Մեր այնտեղ եղած ժամանակ էլ բարձունքում` ՀՀ օկուպացված տարածքում, տեղակայված էր ադրբեջանական տեխնիկան և ակտիվ աշխատանքներ էին իրականացնում։ Ներքին Հանդում էլ ենք եղել, և այնտեղի դպրոցի անմիջապես վերևում գտնվում է ադրբեջանական դիրքը։ Այդ օրը ադրբեջանցիները գոռգոռում էին կամ բարձր էին խոսում և դպրոցի մոտ ամբողջը լսվում էր»,– նշեց Թաթոյանը։
Թաթոյանն ընդգծեց, որ Ներքին Հանդի գերեզմանոցի վերևի հատվածում էլ հակառակորդը դիրք ունի։ Տեղի բնակիչները Թաթոյանին վստահեցրել են, որ ադրբեջանցիներն իջնում են ներքև` դեպի գերեզմանոց, ինչի պատճառով ՀՀ քաղաքացիները զրկված են իրենց հարազատների շիրիմներին մոտենալու հնարավորությունից։
Թաթոյանի խոսքով և՛ Սրաշենում, և՛ Ներքին Հանդում բնակիչները չեն կարողանում անասնապահությամբ զբաղվել` խոզապահությամբ առհասարակ այլևս չեն զբաղվում, խոշոր եղջերավորների գլխաքանակն էլ 70-ով է կրճատվել։
Հիշեցնենք, որ «Թաթոյան» հիմնադրամի ներկայացուցիչները փաստահավաք հատուկ առաքելությամբ եռօրյա այցով Սյունիքի մարզում էին։