Ռուսաստանում անօրինական միգրանտների իրավունքները զգալիորեն կսահմանափակվեն: Այդ մասին «Կոմերսանտ»-ին ասել է ՆԳՆ ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը։
Այժմ իշխանությունները Ռուսաստանում անօրինական բնակվող օտարերկրացիների ռեգիստր են ստեղծում։ Դրանում ընդգրկվելուց հետո միգրանտները չեն կարողանա տրանսպորտային միջոց վարել, օգտվել բանկային ծառայություններից, գույք գրանցել, կնքել և լուծել ամուսնություններ, նրանց երեխաներին կարգելվի դպրոց հաճախել։
Գորովոյի տվյալներով՝ ներկայումս Ռուսաստանում կա մոտ 739 հազար անօրինական միգրանտ։ Ըստ աղբյուրի՝ նրանք հիմնականում Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիներ են։
Գորովոյը հայտնել է նաև, որ այս տարվա առաջին կիսամյակում Ռուսաստանից միգրանտներին արտաքսելու գրեթե հարյուր հազար որոշում է կայացվել։
Մեկ տարվա ընթացքում Ռուսաստանից հեռացել է այնտեղ բնակվող ավելի քան 2 մլն օտարերկրյա քաղաքացի, ներկայումս գրանցված է 6,17 մլն-ը: Այդ մասին սեպտեմբերի 18-ին հայտնել Է ՌԴ ՆԳՆ միգրացիայի հարցերով գլխավոր վարչությունը:
Միևնույն ժամանակ, տնտեսագետները զգուշացրել են, որ Ռուսաստան միգրանտների հոսքի նվազումը կարող է լրջորեն խորացնել կադրային ճգնաժամը երկրում: