Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդն արգելել է պաշտոնական սարքերում Telegram մեսենջերի օգտագործումը պաշտոնյաների, զինվորականների, անվտանգության և պաշտպանության ոլորտի աշխատակիցների և կարևոր ենթակառուցվածքների օպերատորների կողմից։ Այս մասին գրում է svoboda.org-ը:
Որոշումն ընդունվել է սպառնալիքները նվազագույնի հասցնելու նպատակով, ասվում է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի հայտարարության մեջ։ Բացառություն կկատարվի միայն այն աշխատակիցների համար, որոնց աշխատանքը ներառում է այս մեսենջերի օգտագործումը:
Կիբեռանվտանգության ազգային համակարգող կենտրոնի հանդիպման ժամանակ Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ ռուսական հետախուզական ծառայությունները կարող են մուտք ունենալ մեսենջերի օգտատերերի անձնական նամակագրությանը, նրանց անձնական տվյալներին և ջնջված հաղորդագրություններին։
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի և Ուկրաինայի բանակի գլխավոր շտաբի ներկայացուցիչները հայտնել են, որ Ռուսաստանը մեսենջերն օգտագործում է կիբերհարձակումների, օգտատերերի տեղորոշման և հրթիռային հարվածները ճշգրտելու համար։ Այս տեղեկատվության հրապարակային ապացույցներ չեն տրամադրվել:
Telegram-ը չի մեկնաբանել արգելքը։