Կապան համայնքի տարածքից ադրբեջանական օկուպացիայի ներքո է հայտնվել 2700 հա տարածք

2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական զինված հարձակումների և ներխուժումների հետևանքով Սյունիքի մարզի Կապան համայնքի տարածքից ադրբեջանական օկուպացիայի ներքո է 2700 հա տարածք։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

Ընդհանուր առմամբ` օկուպացված է 2400 հա հատուկ պահպանվող, 170 անտառային, 130 հա համայնքային հողեր։

«Ըստ մեր ուսումնասիրությունների ու մշտադիտարկումների` նշված 2700 հեկտարից բացի 1140 հա հողատարածք հայտնվել է վտանգավոր գոտում, որտեղ հնարավոր չէ իրականացնել գյուղատնտեսական կամ այլ տեսակի աշխատանքներ։ Մասնավորապես` Ներքին Հանդում` 240 հա, Սրաշենում` 160 հա, Շիկահողում` 240 հա, Ճակատենում` 200 հա, Գեղանուշում` 300 հա տարածք վտանգավոր գոտում է»,– ասաց Թաթոյանը։

Նրա խոսքով` Ներքին Հանդում գյուղատնտեսական նշանակության հողերի մեծ մասը գտնվում է միջդիրքային գոտիներում։ Թաթոյանը նշում է, որ գյուղում խմելու ջրի ակնաղբյուրը հայտնվել է ադրբեջանական օկուպացիայի ներքո, որի պատճառով խմելու կամ ոռոգման ջուրը դադարել է։

Գեղանուշ և Գոմարան գյուղերի 300 հա գյուղնշանակության հողերը հայտնվել են միջդիրքային գոտիներում, և տեղի անասնապահներն անասնագլխաքանակի կորուստների հետ կապված` այդ տարածքներն այլևս չեն օգտագործում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print