Կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջկա ծնողները Վեդիից Երևան գնալիս վթարի են ենթարկվել

ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի 10-ամյա բնակչի ծնողները, որը արդեն 5 օր է կոմայի մեջ է, Երևան գալու ճանապարհին վթարի են ենթարկվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին դպրոցից, որտեղ սովորում է աղջիկը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ երեխան մարմնական վնասվածքներ է ստացել սեպտեմբերի 19–ին, Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ Ներկայում որևէ տեղեկություն չկա, թե ինչ պայմաններում և ինչի պատճառով է 10–ամյա աղջնակը նման վնասվածքներ ստացել։ Այժմ աշակերտուհին Վեդիի ԲԿ–ից տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, նա վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը ծայրահեղ ծանր է։

Shamshyan.com-ը հայտնում է, որ Փոքր Վեդիի վարչական տարածքում բախվել են «UAZ» և «Dodge» մակնիշի ավտոմեքենաները, վերջինի մեջ եղել են ծնողները և նրանց հետ ևս մեկ անձ։

«Վեդիի բժշկական կենտրոն է տեղափոխվել 4 անձ (մեկն UAZ–ի վարորդն է), նրանցից 2–ը երեխայի ծնողներն են։ Հոր մոտ ոչ մի վնասվածք չի հայտնաբերվել, դուրս է գրվել, մայրը` բժիշկների հսկողության ներքո է, վիճակը մոտ է բավարարին»,– Sputnik Արմենիային ասացին Վեդիի ԲԿ–ից։

Ավտոմեքենայում եղել է ևս մեկ անձ, բժիշկները կասկածել են գանգուղեղային վնասվածք, նրան տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ` հետագա հետազոտման։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն դեպքի առնչությամբ հաղորդում է ստացել, նախաձեռնվել է քրեական վարույթ անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print