Իրանի Արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբաքը և Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Մոհամմադ Ալի Դեհղան Դեհնավին կմեկնեն Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևան՝ մասնակցելու Իրանի և Եվրասիական տնտեսական միության գործարար հանդիպմանը, հայտնում է Parstoday-ը։
2024 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը ՀՀ մայրաքաղաք Երևանում կանցկացվի Իրանի և Եվրասիական տնտեսական միության գործարար հանդիպումը՝ ավելի քան 300 իրանական ընկերությունների և Եվրասիական տնտեսական միության հինգ անդամ երկրների (Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան) ներկայությամբ։
Այս կապակցությամբ Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ռուսաստանի գրասենյակի ղեկավար Աքբար Գոդարին ընդգծելով այս հանդիպման կարևորությունը ասաց. «Անցյալ տարի Իրանը ստորագրեց ազատ առևտրի համաձայնագիրը Եվրասիական միության հետ, և հավանական է, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, այն վերջնականապես հաստատվի անդամ բոլոր երկրների խորհրդարանների կողմից: Ուստի այս տարի Եվրասիական միությունն առաջարկեց, որ Իրանը նույնպես մասնակցի այս համաժողովին»։
Գոդարին շեշտեց. «Այս ուղեւորության ընթացքում, բացի կառավարական պատվիրակությունից, Իրանի մասնավոր հատվածի ավելի քան 100 ընկերությունների ներկայացուցիչներ կուղեկցեն արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի նախարարին։ Այս գագաթնաժողովին կմասնակցեն նաև 200 ընկերություններ եվրասիական երկրներից»։