Մեկնարկում է «Կաթ դպրոցներին» փորձնական ծրագիրը

Այս նախաձեռնության նպատակն է խթանել կաթի օգտագործումը և առողջ սնունդը դպրոցականների շրջանում՝ նրանց մոտ ձևավորելով ճիշտ սնվելու սովորություններ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հավանություն է տվել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) «Կաթ դպրոցներին» ընդլայնված ծրագրի իրականացմանը Լոռու մարզի 7 և Երևանի 2 դպրոցներում:

Ծրագիրը մեկնարկել է Հայաստանում՝ Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) և «Երեմյան փրոջեքթս» ընկերության հետ համագործակցությամբ։ Այս նախաձեռնության նպատակն է խթանել կաթի օգտագործումը և առողջ սնունդը դպրոցականների շրջանում՝ նրանց մոտ ձևավորելով ճիշտ սնվելու սովորություններ:

Հիմնվելով 2023 թվականին փորձարկված ծրագրի դրական արդյունքների վրա՝ այս տարի առողջ սննդի կազմակերպման նպատակով կաթ կտրամադրվի 5-9-րդ դասարանների շուրջ 1350 աշակերտի՝ 2024 թվականի սեպտեմբերից մինչև 2025 թվականի մայիս ամիսը:

Ծրագրի մեկնարկի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է ԵԱԶԲ-ի և «Երեմյան փրոջեքթս» ընկերության ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի մեկնարկին, ընդլայնմանը և հետագա զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Նշվել է, որ ԿԳՄՍ նախարարության, ԵԱԶԲ-ի և «Երեմյան փրոջեքթ» ընկերության ներկայացուցիչները մոնիթորինգային այց են կատարել Երևանի թիվ 111 հիմնական դպրոց՝ հետևելու ՊՀԾ-ի կողմից աշակերտների հետ անցկացվող մեկնարկային աշխատանքներին: Աշակերտներին ներկայացվել է կաթի օգտակար հատկությունների վերաբերյալ ինտերակտիվ տեղեկատվություն, որին հաջորդել է աշակերտների հետ համատեղ կաթով նախաճաշի պատրաստումը:

Նախարարի տեղակալը նշել է, որ այս նախաձեռնությունը արտացոլում է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ աջակցելու աշակերտների շրջանում առողջ ապրելակերպի խթանմանը և սննդային ճիշտ վարքականոնի ձևավորմանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի հետ հանդիպմանը քննարկվել են նաև դպրոցներում առողջ սննդի խթանման նպատակով հետագա համագործակցության ամրապնդմանն ուղղված ջանքերը:

Հաջորդաբար Եվրասիական զարգացման բանկի պատվիրակությունն այցելել է Երեմյանի կաթի գործարան՝ ծանոթանալու կաթի արտադրության գործընթացին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print