Բայդենը Նյու Յորքում հրաժարվել է հանդիպել Վրաստանի վարչապետի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ավանդական ընդունելության ժամանակ կհյուրընկալի համաշխարհային առաջնորդներին և ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին։

ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, որը գլխավորում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում վրացական պատվիրակությունը, սկզբում եղել է նախագահի ընդունելությանը հրավիրվածների ցուցակում, սակայն Բայդենի վարչակազմը չեղարկել է հրավերը։

Վարչապետի հրավերը չեղարկելուն զուգընթաց, վարչակազմը չեղարկել է նաև վրացական պատվիրակության հետ բոլոր հանդիպումները: Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նույնպես մերժել է Կոբախիձեի հետ հանդիպումը։ Տեղեկությունը հայտնել է Voice of America-ն՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին և Կոնգրեսում ևս մեկ աղբյուրի:

Ամերիկյան լրատվամիջոցներն ու Mtavari Arkhi հեռուստաալիքը նշել են, որ հանդիպումը մերժելու պատճառը Միացյալ Նահանգներին ու նրա արևմտյան գործընկերներին ուղղված՝ վրացական կառավարության «հակաժողովրդավարական գործողություններն են, ապատեղեկատվությունն ու բացասական հռետորաբանությունը»: Խոսքը մասնավորապես «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման և այլ գործընթացների մասին է:

Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ Վրաստանի կառավարության հետ վերջին շփումն ամերիկյան վարչակազմին հույս չի ներշնչել, որ Թբիլիսին կփոխի իր կուրսը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print