Նիկոլ Փաշինյանը կարևորել է Անտոնիո Գուտերեշի աջակցությունը խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները:

Այս համատեքստում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ներկայիս ընթացքին, ինչպես նաև սահմանազատման գործընթացին ու ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՄԱԿ-ի և Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի աջակցությունը խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերին և տարածաշրջանում կայունության ապահովման գործում:

Անտոնիո Գուտերեշը ողջունել է Հայաստանի քայլերը` ի նպաստ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու և խաղաղության հաստատման: Գլխավոր քարտուղարը նշել է, որ պատրաստ է իր մանդատի շրջանակում նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում մասնակցել է «Ապագայի գագաթնաժողովին»: Միջոցառմանը մասնակցել են նաև աշխարհի մի քանի տասնյակ պետությունների նախագահներ և կառավարությունների ղեկավարներ: 

Վարչապետը Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից կազմակերպված «Ժողովրդավարության արդյունքները» խորագրով բաց քննարկմանը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կազմակերպված «Առաջնորդություն հանուն խաղաղության. ՄԱԿ-ի կանոնադրության շուրջ համախմբված, անվտանգ ապագայի որոնումներով» խորագրով քննարկմանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print