Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի եւ ֆրանսիական NEPSEN կազմակերպության համագործակցությամբ մշակվել եւ իրականացվում է «Հայաստանում լողացող արեւային կայանների զարգացման ծրագիր»։ Այս շրջանակներում ուսումնասիրվել է Հայաստանում առկա ջրային պաշարներն ու դրանց վրա լողացող արեւային կայանների կառուցման եւ շահագործման տեխնիկատնտեսական իրագործելիությունը։ Ծրագիրը ամբողջությամբ ֆինանսավորվում է Ֆրանսիայի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության FASEP ծրագրի կողմից։
Նախատեսվում է կառուցել շուրջ 151 կՎտ դրվածքային հզորությամբ փորձնական լողացող արեւային ֆոտովոլտային կայան: Որպես փորձնական ծրագիր նորարարական է եւ առաջինը տարածաշրջանում, հետեւաբար համարվում է նշանակալի առաջընթաց Հայաստանի էներգետիկ ոլորտի համար:
Ի դեպ, Երեւանյան լիճն է ընտրվել որպես լողացող արեւային կայանի տեղանք։ Նշյալ հիմնադրամն է կայանը շահագործելու, եւ այն լինելու է հիմնադրամի սեփականությունը։ Հիմնադրամը ստանալու է էլեկտրաէներգիայի գնման երաշխիքով էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 90 մլն դրամի ներդրում՝ սարքավորումների ձեռք բերման համար։ Սարքավորումները ներկրելուց հետո հավաքակցման աշխատանքներ են տարվելու։ Կստեղծվի 3 աշխատատեղ՝ 300 հազ. դրամ միջին աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 55.7 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 4 մլն դրամ: Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ երկրներից, քանզի չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։ Հիշեցնենք՝ կառավարությունը մտադիր է մինչեւ 2030 թ. արեւային էներգիայի արտադրության բաժինն ընդհանուրի մեջ հասցնել առնվազն 15 տոկոսի։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում