Պատրիարք հայրն իր մասնակցությունը կբերի Սրբալույս Մյուռոնի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին։
Սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Պատրիարք հայրն իր մասնակցությունը կբերի Սրբալույս Մյուռոնի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին։
Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքին թափորով առաջնորդեցին Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ–մկրտարան, ուր կատարվեց «Հրաշափառի» արարողություն։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետի պաշտոնակատար Հոգեշնորհ Տ․ Հարություն վարդապետ Կիրակոսյանը Մայր Աթոռի միաբանության անունից ողջունեց և բարի գալուստ մաղթեց Սահակ Պատրիարքին։
Այնուհետև Պոլսո Հայոց Պատրիարքը, գոհություն վերառաքելով առ Աստված վերստին հայոց հոգևոր կենտրոնում գտնվելու համար, իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Սուրբ Էջմիածնի միաբանությանը։
Ապա Վեհարանում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Պոլսո Հայոց Պատրիարքի առանձնազրույցը: