Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ, հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։
Գերատեսչության հաղորդմամբ՝ գոհունակությամբ արձանագրելով երկու հարևան երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը՝ Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության ներուժը լավագույնս իրացնելու հնարավորությունները:
«Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատման համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ վերջին քննարկումները», – նշված է ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ։
Նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի ամուր քաղաքական կամքը՝ տարածաշրջանում հասնելու հարատև խաղաղության և այս համատեքստում կարևորել տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անվերապահ հարգման առնչությամբ Իրանի կողմից ամենաբարձր մակարդակում արտահայտված դիրքորոշումը։