Այսօր՝ նոյեմբերի 11-ին, մահվան ելքով վրաերթ և փախուստի դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 198 կմ հատվածում վրաերթի է ենթարկել Վայոց Ձորի մարզի բնակիչ 59-ամյա Հայկ Խաչատրյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ Հ․ Խաչատրյանը տեղում մահացել է։
Պարզվել է, որ մահացածը նշված հատվածում եղել է իրեն պատկանող Opel մակնիշի ավտոմեքենայով, և Opel-ը տեխնիկական խնդիրներ է ունենցել: Ու վարորդը կանգնել է, որպեսզի խոտանը վերացնի։ Այդ ժամանակ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ու դիմել փախուստի։
Իրավապահները դեպքի վայրից 61 կմ հեռավորության վրա՝ Վայոց Ձորի մարզի Վայքի զորամասի հարևանությամբ հայտնաբերել են BMW մակնիշի կասկածելի ավտոմեքենա։
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը ներկայացվել է Սիսիանի քննչական բաժին։

