Մեկնարկել է Մայր տաճարի վերաօծման արարողությունը. ՀՀ վարչապետը ներկա է Հայրապետական Սուրբ պատարագին (ուղիղ)

Այսօր՝ Վարագա Սուրբ խաչի տոնին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ձեռամբ օծվելու է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի սուրբ սեղանը և մատուցվելու է Հայրապետական Սուրբ Պատարագ:

2017 թվականից սկսվել էին Մայր տաճարի հիմնանորոգման աշխատանքները:

Շուրջ 7 տարի տևած աշխատանքների ընթացքում ամբողջությամբ ամրակայվել է Մայր տաճարը, վերանորոգվել մեծ գմբեթը, Կաթողիկեն, տանիքը, մեծ և փոքր զանգակատները: Առաջին անգամ Մայր տաճարում ներդրվել է օդափոխության համակարգ, հատակը ծածկվել նոր մարմարե մեծադիր սալիկներով, տեղադրվել են լուսասարքեր, ողջ ծավալով վերականգվել որմնանկարները:

Ուշագրավ է, որ այդ աշխատանքների ընթացքում ի հայտ են եկել որմնանկարչական մի քանի հիմնաշերտեր:

Մայր տաճար են ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պաշտոնատար անձինք:

Հիշեցնենք՝ երեկ՝ Սուրբ Գևորգ քաջամարտիկ զորավարի հիշատակության օրը, Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի էր ունեցել Սրբալույս Մյուռոնի օրհնությունը:

Մյուռոնօրհության սրբազան արարողությանը ներկա էին եղել նվիրապետական աթոռների ներկայացուցիչներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներ, թեմական պատվիրակություններ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, պետական այրեր, ազգային բարերարներ, մշակույթի, գիտության, հասարակական և քաղաքական գործիչներ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print