Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է։
Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, նա հանդիպումներ է ունեցել Սիսիանի, Բռնակոթի, Դարբասի, Կապանի, Նորաշենիկի, Քաջարանի և Մեղրու պոլիկլինիկաների, ամբուլատորիաների և բուժակ֊մանկաբարձական կետի բուժաշխատողների հետ։
Քննարկման թեման է եղել առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները, դրանց լուծման և զարգացման ուղիները։
Փոխնախարարն անդրադարձել է կատարողականներին, բոնուսային համակարգին, իմունականխարգելման գործընաթացին։
Արտակ Ջումայանը Մեղրիում` Լոֆթ կենտրոնում հանդիպել է Մեղրիի բժշկական կենտրոնի թիմի հետ։ Այստեղ առողջապահության ազգային ինստիտուտի էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի և Արմեդ էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի հետ ներկայացրել է համակարգի նոր գործիքները և քննարկել էլեկտրոնային առողջապահության հետագա քայլերը։
Արտակ Ջումայանը Մեղրիի ԲԿ֊ում նաև պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ։