Բացման արարողությունը մեկնարկել է Պետրուցելիի թատրոնի տենոր Ռաֆաելե Պաստորեի կողմից Հայաստանի և Իտալիայի օրհներգերի կատարմամբ, ինչպես նաև Դոն Մարիո Պերսանոյի աղոթքով և օրհնությամբ։
Իտալիայի Բարի քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության (իրավասությունը՝ ողջ Պուլիայի շրջանում) հանդիսավոր բացումը։ Հյուպատոսության գրասենյակը գտնվում է Corso Vittorio Emanuele 30 հասցեում, Բարի քաղաքի սրտում և Պուլիայի շրջանի քաղաքական և մշակութային հաստատությունների գլխավոր շենքերի հարևանությամբ։
Ինչպես տեղեկանում ենք Իտալիայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, բացման արարողությունը մեկնարկել է Պետրուցելիի թատրոնի տենոր Ռաֆաելե Պաստորեի կողմից Հայաստանի և Իտալիայի օրհներգերի կատարմամբ, ինչպես նաև Դոն Մարիո Պերսանոյի աղոթքով և օրհնությամբ։
Բացման խոսքով հանդես են եկել Իտալիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը, Բարիի պրեֆեկտ Ֆրանչեսկո Ռուսսոն, քաղաքապետ Վիտո Լեչեզեն, Իտալիայի վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Պիետրո Կուրցիոն, պատվավոր հյուպատոս Դարիո Ռուբեն Թիմուրյանը։
«Բոլոր ելույթներում հիշատակվել են Պուլիայի որակյալ հայ համայնքը, որը հարյուրավոր տարիներ աչքի է ընկել հայ ժողովրդի բարոյական և նյութական արժեքներին իր հավատարմությամբ, ինչպես նաև այն մեծ կարևորությունը, որ Բարին ունեցել է ողջ հայության համար՝ ի դեմս բանաստեղծ Հրանտ Նազարյանցի։
Բանաստեղծին հիշատակել են և՛ դեսպան Համբարձումյանը, և՛ Բարիի քաղաքապետ Լեչեզեն՝ որպես անցած դարում լայն հանրությանը հայտնի իտալահայ մտավորական»,- նշված է դեսպանության հաղորդագրության մեջ:
Ելույթ ունեցողները հիշատակել են նաև Նոր Արաքս գյուղի մասին, որտեղ հայերը հյուրընկալվել և սկիզբ են դրել գորգագործության ավանդույթներին։ Դեսպանն իր խոսքում հիշել է, որ պատվավոր հյուպատոսի ընտանիքը սերում է հենց Նոր Արաքս գյուղից և Բարի է ժամանել Հայոց ցեղասպանությունից հետո, դարձել Պուլիայի սոցիալական և ձեռնարկատիրական համակարգի մասը՝ հետագայում ծավալվելով նաև տարածաշրջանային սահմաններից դուրս:
Ինչպես նշվել է ՀՀ դեսպանի և պրեֆեկտի կողմից, Բարիում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսությունը դառնալու է Պուլիայում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պաշտպանության, ինչպես նաև Հայաստանի և Պուլիայի շրջանի միջև գիտական, մշակութային, կրթական, տնտեսական և առևտրային համագործակցության խթանմանն ուղղված նախաձեռնությունների հղման վայրը:
Պատվո հյուպատոսության բացմանը, Պուլիայի հայ համայնքի ներկայացուցիչներից բացի ներկա էին նաև Իտալիայի խորհրդարանի պատգամավորներ Ջանմաուրո Դել Օլիոն, Աննա Ռիտա Տատեոն, Բարի քաղաքի քաղաքային խորհրդի անդամներ, հեղինակավոր մտավորականներ, այդ թվում՝ Բարիի պոլիտեխնիկի ճարտարապետ պրոֆեսոր Ջուլիա Աննա Լինդա Նելիան, Մոնոպոլիի «Նինո Ռոտա» կոնսերվատորիայի դոցենտ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի նախկին հրավիրյալ պրոֆեսոր Մարկո Միշանյան, «Նիկոլաոս» հիմնադրամի նախագահ Վիտո Ջորդանոն, Պուլիայի, Բազիլիկատայի և Մոլիզեի շրջանների բազմաթիվ պատվո հյուպատոսներ: