Հայ-ադրբեջանական կարգավորումներն այսօր այն քիչ գործընթացներից են, որտեղ ՌԴ-ի եւ Արեւմուտքի հռետորաբանությունն ու նպատակները գրեթե նույնն են: Երկու կենտրոններից էլ խոսում են հակամարտության շուտափույթ կարգավորման եւ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մասին: ՌԴ-ն եւ ՆԱՏՕ-ն ներկայացնող ԱՄՆ-ն խոսում են երկրների միջեւ խաղաղության պայմանագրի կնքման մասին՝ առաջնային համարելով պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի պաշտպանությունը: Այստեղ նրանց միջեւ մրցակցությունը թերեւս արտահայտվում է միայն կարգավորման գործընթացում ավելի նախաձեռնող լինելու, առաջնային դերակատարություն ունենալու շուրջ:
Այս տեսանկյունից մրցակցությունը կարող է միայն դրականորեն ազդել տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման գործընթացի վրա: Այն կարող է արտահայտվել նաեւ Թուրքիայի վրա ՆԱՏՕ-ի եւ Ադրբեջանի վրա ՌԴ-ի ազդեցություններով՝ զսպելով վերջիններիս առավելապաշտական նկրտումները եւ նրանց հետ պահելով տարածաշրջանն ապակայունացնելու հետագա քայլերից: Այս առումով Ադրբեջանի վարքը լակմուսի թղթի էֆեկտ կունենա: Կախված այն բանից, թե ինչպես իրեն կդրսեւորի Ադրբեջանը, պարզ կլինի աշխարհաքաղաքական կենտրոնների՝ տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն հաստատելուն ուղղված ջանքերի արդյունավետությունը: Եվ Արեւմուտքը, եւ ՌԴ-ն գործուն լծակներ ունեն զսպելու այսօր Հարավային Կովկասում իրավիճակը լարելու միտումներ նախանշող Բաքվի, հետեւաբար նաեւ Անկարայի վտանգավոր քայլերը:
Վերոշարադրյալից կարելի է եզրակացնել, որ աշխարհաքաղաքական այս երկու բեւեռներն էլ խոսում են այն լեզվով, որով խոսում է հայկական կողմը, ոչ թե այն պատճառով, որ նրանք պրոհայկական են, այլ նրա համար, որ հայկական դիրքորոշումն առավել կառուցողական եւ փոխզիջումային է: Հայաստանին մնում է միայն առավելագույն օգուտ քաղել այդ կենտրոնների նախաձեռնություններից՝ ձգտելով այնպես անել, որ կարգավորման գործընթացը չվերածվի բեւեռների հակադրության առարկայի, ինչին իր ոչ կառուցողական կեցվածքով եւ գործողություններով պարբերաբար մղում է Ադրբեջանը՝ Թուրքիայի համաձայնությամբ:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում