100 անգամ ավելացել է պետպատվերը սեփական հայրենական արտադրողներից ՊՆ-ի կողմից. նախարար

Այս պահին ոլորտում ներգրավված են ավելի քան 2500 ինժեներներ, ծրագրավորողներ և նեղ մասնագիտական կարողություններ ունեցող անձնակազմ, այսինքն՝ ոլորտը զարգանում է:

Վերջին մի քանի տարվա ընթացքում 100 անգամ ավելացել է պետական պատվերը սեփական հայրենական արտադրողներից ՊՆ-ի կողմից՝ հասնելով եռամյա պայմանագրերով 171 մրդ դրամի: Այն մինչև տարեվերջ աճելու միտում ունի: Այդ մասին Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 1-ի նիստին ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե Հայաստանն այլ երկրներից ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող պատրաստի տեխնոլոգիաներ գնելու հնարավորություն ունի՞:

«Այս պահին ոլորտում ներգրավված են ավելի քան 2500 ինժեներներ, ծրագրավորողներ և նեղ մասնագիտական կարողություններ ունեցող անձնակազմ, այսինքն՝ ոլորտը զարգանում է: Սակայն մենք տեսնում ենք, որ դեռևս առկա իրավական որոշակի դժվարությունները խոչընդոտում են դրա հետագա զարգացմանը»,- ասաց նախարարը՝ նշելով, որ մշակվել է նախագիծ, որը միտված է այդ խոչընդոտները վերացնելուն:

Ըստ նախարարի՝ Կառավարությունն ակնկալում է այս ոլորտից, որ կարող է ունենալ ռազմական արտադրությամբ այնպիսի ռազմարդյունաբերություն, որի հիմքում դրված կլինեն բարձր տեխնոլոգիական լուծումները, ինչպես նաև այն կդառնա արտահանելի ճյուղ: Հայրապետյանը վստահեցրեց՝ Կառավարության ներսում այդ ընկալումը կա:

«Ռազմական արդյունաբերության խթանմամբ մտադիր ենք տեխնոլոգիական առաջընթաց ապահովել ՀՀ ԶՈՒ-ի համար:

Երկրորդ՝ ռազմական արդյունաբերության զարգացմամբ հավատացած ենք, որ գրագետ աշխատանքները գրագետ կազմակերպելու պարագայում ունենալու ենք տնտեսության մեջ ռազմարդյունաբերությունն իբրև կարևորագույն սեգմենտ, որը գեներացնելու է նորանոր ռեսուրսներ:

Երրորդ ուղղությունը. մենք հավատացած ենք, որ ՀՀ-ի համար ռազմաքաղաքական առաջնորդության համար սա լավագույն հնարավորություններից մեկն է լինելու՝ վերափոխելու ՀՀ միջազգային իմիջը՝ դառնալու ոչ միայն տարածաշրջանային կարևորագույն խաղացող, այլև գլոբալ»,- ասաց նա և հավելեց՝ ռազմարդյունաբերության ոլորտում Հայաստանն ունի հաջողություններ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print