Ողբերգական դեպք Վայոց ձորում

Ոստիկանները, պարեկներն ու փրկարարները նշված հատվածում՝ կտրած հաստաբուն ծառի տակ հայտնաբերել են տղամարդու մարմին։

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 10:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 147 կմ հատվածում՝ դեպի Ջերմուկ տանող գոտում՝ «Դարբ» գետի ափին, տղամարդու դի կա ու վրան էլ՝ կտրած ծառ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։

Ոստիկանները, պարեկներն ու փրկարարները նշված հատվածում՝ կտրած հաստաբուն ծառի տակ հայտնաբերել են տղամարդու մարմին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը ծառը կտրելիս է եղել էլեկտրական սղոցով, երբ այն ընկել է իր վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Կտրված ծառի վրա հայտնաբերվել է փայտե սանդուղք, իսկ քիչ այն կողմ՝ էլեկտրական սղոց։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print