Սյունիքի մարզում ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել

Ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները շրջագայություն կատարելիս հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16:50-ին, Տաթև բնակավայր տանող ճանապարհին ապօրինի վառելափայտ տեղափոխելու կասկածանքով կանգնեցրել են «Ֆորդ տրանզիտ» մակնիշի մեքենան: Մեքենայի թափքում շուրջ 3 խմ փայտանյութ կար, որի վերաբերյալ Սիսիան քաղաքի բնակիչ 32-ամյա վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ փայտանյութը գնել է Սյունիք բնակավայրից: Ստուգմամբ պարզվել է նաև, որ նա մեքենան վարել է առանց տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայականի:

«Ֆորդ տրանզիտը» տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին:

Ոստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանները հոկտեմբերի 1-ին շրջիկ ծառայություն իրականացնելիս Սյունիք բնակավայրի տարածքում ստուգման նպատակով կանգնեցրել են փայտանյութով բարձած «ԿամԱԶ»-ը: Բեռնատարի թափքում մոտ 20 խմ փայտանյութ կար, որի վերաբերյալ Գորիս քաղաքի բնակիչ 28-ամյա վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ փայտանյութը 213 հազար դրամով գնել է Արծվանիկի անտառպետության անտառապահից:

«ԿամԱԶ»-ը տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print