«Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանը և Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը 2024 թ. հոկտեմբերի 1-ին մտադրությունների հուշագիր ստորագրեցին, որով Ընկերությունը և ԵՊՀ-ն կհամագործակցեն երկրաբանության, հիդրոերկրաբանության, հանքարդյունաբերության, մետալուրգիայի և այլ ոլորտներում մասնագետների պատրաստման, վերապատրաստման, որակավորման բարձրացման, գիտահետազոտական աշխատանքների կատարման և այլ ուղղություններով։ Այս մասին տեղեկանում ենք Ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջից։
Հուշագիրը Կապանի լեռնահարստացման կոմբինատին հնարավորություն կտա առավել արդյունավետորեն օգտագործել ԵՊՀ գիտական ներուժը ինչպես ընկերության բնականոն գործունեության, այնպես էլ զարգացման ծրագրերի շրջանակներում ծագող գիտատար խնդիրների լուծման համար։ Հուշագիրը նաև կարևոր քայլ է երկարաժամկետ հեռանկարում ընկերության անձնակազմը բարձրակարգ մասնագետներով համալրելու և մասնագետների սահուն սերնդափոխություն իրականացնելու տեսանկյունից։
«Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանը հուշագրի ստորագրմանը նախորդած քննարկման շրջանակներում ներկայացրեց կոմբինատում իրականացվող մասշտաբային բարեփոխումները և ներդրումային ծրագրերը՝ այդ տեսանկյունից կարևորելով նաև անձնակազմի մասնագիտական որակների բարելավման խնդիրը, որի լուծման անհրաժեշտ պայմաններից է պրոֆիլային կրթական հաստատությունների հետ ամենօրյա աշխատանքը։ Սասուն Ավետիսյանը նաև նշեց, որ ընկերությունը հաստատակամ է Մայր բուհի հետ համագործակցությունը երկարաժամկետ հեռանկարում ընդլայնելու և կրթական հաստատություն–արտադրություն կապն առավել ամրապնդելու հարցում։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ ԵՊՀ-ն միշտ կարևորել է իր ուսանողների և հետազոտողների համար նոր հնարավորություններ ստեղծելը։ Նրա խոսքով՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատի հետ այս համագործակցությունը հնարավորություն կտա ուսանողներին ստանալու գործնական հմտություններ, ինչն էական է նրանց մասնագիտական աճի և աշխատաշուկայում մրցունակ լինելու համար։
Կողմերը վստահություն հայտնեցին, որ հուշագրով սահմանված նպատակները համատեղ ջանքերով իրականություն կդառնան, և մեկնարկած համագործակցությունը կտա ակնկալվող արդյունքը։