Էկոպարեկային ամբողջ ծառայության համար նախատեսված է ձեռք բերել շուրջ 142 մոբայլ միջոցներ, որոնք տրվելու են 7 մարզի 18 տեղամասին։
Նախատեսվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության՝ 2024 թվականի պետբյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարել վերաբաշխում և 509 մլն 512 հազար դրամի չափով գումար ուղղել Սյունիքի մարզային վարչության տեխնիկական կարողությունների ընդլայնմանը: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ հոկտեմբերի 3-ի նիստին ներկայացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:
Գումարն ուղղվելու է Սյունիքի մարզային վարչության՝ Կապանի, Սյունիքի, Սիսիանի, ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» տեղամասերի համար 22 գործառնական մեքենաներ ձեռք բերելուն և դրանք մոբայլ համակարգով ու այլ տեսակի հատուկ կահավորանքով հագեցնելուն:
«22 մեքենաները հատկացվելու են մարզային վարչությանը. դրանք պիկապ տեսակի ավտոմեքենաներ են դժվարամատչելի տարածքներ հասնելու համար, նաև հագեցված են մոբայլ համակարգով, որը է այն ամբողջ հագեցվածությունը, որը կապված է նաև կապի հետ: Այսինքն՝ դրանք նաև ազդանշանային համակարգերն են, կապի միջոցները, դրանք վերալիցքավորվելու, նաև տարբեր հակահրդեհային իրավիճակներում գործելու հագեցվածություն ունեն՝ հեռադիտակներ, ջրի բաքեր, ատրճանակներ, հակահրդեհային խողովակներ»,- ասաց նախարարի տեղակալը:
Ըստ Տիգրան Գաբրիելյանի՝ Էկոպարեկային ամբողջ ծառայության համար նախատեսված է ձեռք բերել շուրջ 142 մոբայլ միջոցներ, որոնք տրվելու են 7 մարզի 18 տեղամասին: Լինելու է էկոպարեկների 4 խումբ՝ բարձրագույն, գլխավոր, կրտսեր, առաջատար՝ ըստ վերջիններիս ստաժի ու աշխատանքային փորձառության: Շարժակազմերը գործելու են 12-ժամյա 2 հերթափոխով, յուրաքանչյուր շարժակազմում լինելու է 2 պարեկ:
«2025 թվականին նախատեսվում է պետբյուջեով նաև 55 մեքենայի ձեռքբերում, 142 մեքենայի մոբայլ համակարգերը ևս նախատեսված են 2025 թվականի բյուջեով, իսկ մնացած մեքենաները նպատակ ունենք ձեռք բերել միջազգային դոնորների միջոցների հաշվին»,- ասաց նա:
Ըստ փոխնախարարի՝ Էկոպարեկային ծառայությունը հագեցվելու է և՛ դրոններով, և՛ տեսանկարահանող սարքավորումներով և ծխի դետեկտորներով, ստեղծվելու է կառավարման կենտրոն, որտեղ ստացվելու են ահազանգերը, որոնց էլ էկոպարեկները պետք է արագ արձագանքեն: