«Դոմուսի» հրդեհը ավելի քան 2 ժամ անց հնարավոր եղավ մեկուսացնել. տուժածներ չկան, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։
Նշենք, որ հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում: Այդ մասին ասված է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի Ֆեյսբուքի էջում:
«Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Հրդեհի բարդությունից ելնելով՝ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ»,- նշված է գրառման մեջ։

