Արթուր Ալեքսանյանը և Արսեն Հարությունյանը Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային աղյուսակում

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) հրապարակել է հունահռոմեական ու ազատ ոճի ըմբշամարտերի տասը քաշային կարգերի վարկանիշային աղյուսակները, որոնցում ընդգրկվել են նաև հայ ըմբշամարտիկներ Արթուր Ալեքսանյանն ու Արսեն Հարությունյանը։ Տեղեկությունը  հայտնում է Sputnik Արմենիան՝ հղում անելով ֆեդերացիայի պաշտոնական կայքին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ յուրաքանչյուր քաշային կարգի երեք լավագույն ըմբիշները դրամական պարգև կստանան։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի տարվա ամփոփիչ վարկանիշային աղյուսակը գլխավորում է բուլղարացի Կիրիլ Միլովը, որը կստանա 5000 դոլար պարգևավճար: Արթուր Ալեքսանյանը երկրորդն է ու կստանա 3000 դոլար:

Ազատ ոճի ըմբշամարտի 61 կգ քաշային կարգի դասակարգման առաջատարը Ճապոնիայի ներկայացուցիչ Ռեի Հիգուչին է, նա կստանա 5000 դոլար, իսկ երկրորդ տեղում Արսեն Հարությունյանն է։ Նա կստանա 3000 դոլար:

Լավագույների ցուցակում է հայտնվել նաև հայազգի մարզիկ Էդմոնդ Նազարյանը, որը հանդես է գալիս Բուլղարիայի դրոշի ներքո։ Նա իր քաշային կարգում 2–րդն է ու կստանա 3000 դոլար դրամական պարգև։ Ի դեպ, նա օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print