Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է «Լավագույն գրադարան» մրցույթի հաղթողներին

«Լավագույն դպրոցական» գրադարան է ճանաչվել Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոցի գրադարանը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայկական գրադարանային ասոցիացիան հոկտեմբերի 7-ին` Գրադարանավարի օրը, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացրել է «Լավագույն գրադարան» մրցույթի պարգևատրման արարողությունը։ 

Միջոցառմանը ներկա են եղել Հայկական գրադարանային ասոցիացիայի նախագահ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, մրցույթի գնահատող հանձնաժողովի նախագահ Ֆաթմա Խաչատրյանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գրադարանի գիտական ղեկավար, հանձնաժողովի անդամ Տիգրան Զարգարյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, գնահատող հանձնաժողովի անդամ Հասմիկ Կարապետյանը, Հայկական գրադարանային ասոցիացիայի փոխնախագահ Ռաֆիկ Ղազարյանը, ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, «Անտարես», «Զանգակ», «Էդիթ Պրինտ» հրատարակչությունների ներկայացուցիչներն ու մշակույթի գործիչներ: 

Տոնական միջոցառման շրջանակում գրադարանի դահլիճում ցուցադրվել է աշխարհի լավագույն գրադարանների մասին պատմող տեսանյութ, որին հաջորդել է հայկական գրադարանների ու աշխարհի անվանի գրադարանավարներին ներկայացնող տեսանյութերի ցուցադրությունը: Գրադարանների աշխատակիցներին երաժշտական կատարումներով ողջունել են «Նոր անուններ» ծրագրի սաները: 

«Լավագույն գրադարան» մրցույթում ըստ անվանակարգերի հաղթող են ճանաչվել հետևյալ գրադարանները.

«Լավագույն մարզային գրադարան» անվանակարգում` Վ. Պետրոսյանի անվան Արագածոտնի մարզային գրադարան ՊՈԱԿ-ը, «Լավագույն համայնքային գրադարան» անվանակարգում` Գավառի քաղաքային գրադարան ՀՈԱԿ-ը, «Լավագույն մասնագիտական/բուհական գրադարան» անվանակարգում` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտական գրադարանը, «Լավագույն դպրոցական գրադարան» անվանակարգում՝ «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի գրադարանը, «Լավագույն կրթամշակութային գրադարան» անվանակարգում` Վ. Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարան ՊՈԱԿ-ը: 

«Լավագույն գրադարան» մրցույթին հայտ ներկայացրած ևս 6 գրադարան արժանացել են պատվոգրի.

«Լավագույն մասնագիտական» (բուհական) անվանակարգում` Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտական գրադարանը, «Լավագույն դպրոցական»` Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոցի գրադարանը, «Լավագույն դպրոցական»՝ Ստեփանավանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան թիվ 2 հիմնական դպրոցի գրադարանը, «Լավագույն նորարար»` Էջմիածնի Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանը, «Լավագույն համայնքային»` Արմավիրի մարզի Քարակերտի համայքային կենտրոնը, «Լավագույն կրթամշակութային»՝ Շիրակի մարզային գրադարանը:

Գրադարանների ներկայացուցիչներն արժանացել են «Լավագույն գրադարան-2024» մրցանակին:

Հայկական գրադարանային ասոցիացիան «Էդիթ Պրինտ» հրատարակչությունից գրքեր ձեռք բերելու նվեր-քարտեր է հանձնել Հայաստանի ազգային ագրարային գիտական գրադարանին, Էջմիածնի Հ. Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանին, Արմավիրի մարզի Քարակերտի համայնքային կենտրոնի գրադարանին:

«Անտարես» մեդիա հոլդինգ հրատարակչությունը 50 միավոր գիրք է նվիրել Մեղրիի թիվ 2 միջնակարգ դպրոցի գրադարանին, «Զանգակ» հրատարակչությունը 40 միավոր գիրք նվիրել է Ստեփանավանի Ս. Գրիգոր Լուսավորչի անվան թիվ 2 հիմնական դպրոցի գրադարանին, «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը 30 միավոր գիրք` Շիրակի մարզային գրադարանին:

Մրցույթի հաղթող 5 գրադարանները ստացել են հավաստագրեր, իսկ խրախուսական նվերների արժանացած 6 գրադարանները պարգևատրվել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից սահմանված պատվոգրերով: 

Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում: Պարգևներն ու հավաստագրերը հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Միջոցառմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը, Գրադարանավարի օրվա առթիվ ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրեր ու պատվոգրեր է հանձնել նաև մի շարք պետական և համայնքային կազմակերպությունների աշխատակիցների, այդ թվում՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 2 աշխատակցի:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print