Արարատ Միրզոյանն ընդունել է Իգոր Խովաևին

Ադրբեջանն իր ագրեսիվ վարքագծով և առավելապաշտական նկրտումներով շարունակում է խոչընդոտել տարածաշրջանում կայուն ու երկարաժամկետ խաղաղության հաստատմանը։ Այս մասին այսօր հայտնել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպման ընթացքում։

Արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծմանն առնչվող վերջին զարգացումները: 

«Զրուցակիցներն անդրադարձել են հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին եռակողմ հանդիպմանն ու ընդունված համատեղ հայտարարությանը: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը շեշտել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից զերծ մնալու կողմերի հանձնառության կարևորությունը՝ նշելով, որ Ադրբեջանն իր ագրեսիվ վարքագծով և առավելապաշտական նկրտումներով շարունակում է խոչընդոտել տարածաշրջանում կայուն ու երկարաժամկետ խաղաղության հաստատմանը: Արարատ Միրզոյանը և Իգոր Խովաևը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ»-նշվում է հաղորդագրության մեջ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print