Այս տարվա երրորդ եռամսյակում՝ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին բոլոր մարզկենտրոններում անշարժ գույքի գները բարձրացել են։ Այս մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի հրապարակած ցուցանիշներից, տեղեկացնում է Armenpress-ը։
Այսպիսով, Սյունիքի մարզկենտրոն Կապանում 1 քառակուսի մետր մակերեսի հաշվարկով անշարժ գույքի գները միջինում բարձրացել են 20․4%-ով, միջին շուկայական գները 113800-ից դարձել են 137050 դրամ։
Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում աճը 13% է կազմել․ գները 116350-ից դարձել են 131500 դրամ։
Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքում աճը 19․4% է կազմել , գները 142400 դրամից դարձել են 170 հազար դրամ։
Արարատի մարզկենտրոն Արտաշատում բարձրացումը 16․2%-ով է․ 141100-ից գները դարձել են 167500 դրամ։
Արմավիրի մարզկենտրոն Վաղարշապատում բարձրացումը 31․1% է, գները 170200-ից վերածվել են 223300 դրամի։
Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում անշարժ գույքի միջին շուկայական գները 54700-ից դարձել են 72500․ աճը՝ 32․5%:
Լոռու մարզկենտրոն Վանաձորում անշարժ գույքի միջին գները աճել են 28․7%-ով․ 93100–ից դարձել են 119800։
Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում 75100-ից գները դարձել են 97200, աճը՝ 29․4%:
Շիրակի մարզկենտրոն Գյումրիում 112900-ից 144200 դրամ է դարձել անշարժ գույքի 1 քառակուսի մետր մակերեսը, աճը՝ 27․7%:
Տավուշի մարզկենտրոն Իջևանում գներն աճել են 17․6%-ով՝ 125 հազարից դառնալով 147 հազար դրամ։