ԵԽ-ն կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Իվանիշվիլիի դեմ

Եվրախորհրդարանը հավանություն է տվել Վրաստանի վերաբերյալ բանաձևի նախագծին։ Բանաձևին կողմ է քվեարկել 495 պատգամավոր, դեմ՝ 73, ձեռնպահ՝ 86:

Նախագիծը կրում է «Վրաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական բազմակարծության սպառնալիքների մասին» խորագիրը։

«Եվրախորհրդարանը ևս մեկ անգամ վերահաստատում է իր վճռական աջակցությունը վրացի ժողովրդի օրինական եվրոպական ձգտումներին և բարգավաճ ապրելու ձգտմանը՝ ապրելու կոռուպցիայից զերծ երկրում, որը լիովին հարգում է հիմնարար ազատությունները, պաշտպանում մարդու իրավունքները և պայմաններ ապահովում բաց հասարակության և անկախ ԶԼՄ-ների աշխատանքի համար։ 

Եվրախորհրդարանն ընդգծում է, որ Վրաստանին ԵՄ-ում թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելու որոշումը պայմանավորված էր վրացական քաղհասարակության ձեռքբերումներն ու ժողովրդավարական ջանքերը ճանաչելու ցանկությամբ, ինչպես նաև ԵՄ-ին անդամակցելու՝ քաղաքացիների պահանջով։ 

ԵԽ-ը գնահատում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ջանքերը՝ Վրաստանը ժողովրդավարական և եվրոպամետ զարգացման ուղի վերադարձնելու ուղղությամբ, խստորեն դատապարտում «Վրացական երազանք» կուսակցության ջանքերը՝ անհիմն իմպիչմենտի միջոցով լռեցնելու Վրաստանի նախագահին, դատապարտում է օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը, որն ակտիվ քաղաքականություն է վերադարձել 2023թ. դեկտեմբերի 30-ին, երբ դարձավ «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ։ Այդ կուսակցությունը քաղաքական ճգնաժամի պայմաններում փորձում է խաթարել երկրի եվրաինտեգրումը՝ հօգուտ դեպի Ռուսաստան շրջադարձի։

Կրկին կոչ ենք անում ԵՄ խորհրդին և ժողովրդավարական գործընկերներին՝ անհապաղ և նպատակային անհատական պատժամիջոցներ սահմանել Իվանիշվիլիի դեմ՝ Վրաստանում քաղաքական գործընթացի վատթարացման գործում նրա դերի, ինչպես նաև Ռուսաստանին օգուտ բերող այլ գործողությունների համար»,-ասվում է նախագծում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print