Թուրքական ավիաուղիների օդաչուն մահացել է Սիեթլից Ստամբուլ չվերթի ժամանակ։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է ավիաընկերության ներկայացուցիչ Յահյա Ուստյունը։
«Սիեթլ-Ստամբուլ երթուղու TK204 չվերթն իրականացնող մեր Airbus 350 օդանավի կապիտան-օդաչու Իլչեխին Փեհլիվանը թռիչքի ժամանակ կորցրել է գիտակցությունը»,- գրել է Ուստյունը։
Երբ առաջին օգնությունը չի օգնել օդաչուին, անձնակազմը որոշել է արտակարգ վայրէջք կատարել Նյու Յորքում, սակայն 59-ամյա կապիտանը մահացել է ինքնաթիռի վայրէջքից առաջ։
Հաղորդվում է, որ պարբերական բուժզննումների ժամանակ Փեհլիվանի մոտ առողջական խնդիրներ չեն հայտնաբերվել։