Սիրով տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 12-ին և 13-ին «ԶՊՄԿ» ՓԲԸ կից գործող Քաջարանի Մշակույթի պալատի և «Քաջարան կինոթատրոն»-ի նախաձեռնությամբ Մշակույթի պալատում և հարակից բացօթյա տարածքում կանցկացվեն Հայ-հնդկական մշակութային օրեր: Ծրագրի նպատակն է խթանել հայ-հնդկական մշակութային հարաբերությունների զարգացումը, հանրությանը ներկայացնել հին 2 ազգերին բնորոշ մշակութային առանձնահատկությունները:
Երկօրյա միջոցառումների ծրագրով Քաջարանը կդառնա գույների, ավանդական երգ ու պարի, համեղ ուտեստների տոնական վայր: Այցելուները կծանոթանան Հայաստանի և Հնդկաստանի հարուստ մշակույթին, վարպետաց դասերին, կճաշակեն ազգային խոհանոցի ամենահամեղ ուտեստներ:
Միջոցառումների կարևոր բաղադրիչ է Լարախաղացության ներկայացումը՝ հայտնի լարախաղաց Մամիկոնի մասնակցությամբ:
Ծրագրի միջոցառումները նախատեսված են թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար: Առանձին գոտիներից բաղկացած հատվածներում կլինեն կրթական, մշակութային, ժամանցային հետաքրքիր միջոցառումներ՝ դասախոսություններ, գորգագործության և թաղիքագործության վարպետաց դասեր, պարերի վարպետաց դասեր՝ լի անակնկալներով և աննկարագրելի վառ զգացողություններով:
Ծրագիրն իրականացվում է Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀԲԸՄ հիմնադրամ (Հայաստան)-ի և «Քրիեյթիվ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ։
Ծրագրի աջակիցներն են՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության դեսպանությունը:
Ծրագրի գործընկերներն են՝ Հայ-հնդկական բարեկամություն հասարակական կազմակերպությունը և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը: