Գազի և բենզինի վաճառքի ոլորտում ստվերի մասով լուրջ խնդիր ենք տեսնում: Կան ընկերություններ, որոնք հաստատակամորեն իրենց վարքագիծը չեն փոխում, և ընդհանուր առմամբ ոլորտը խիստ մտահոգող է ինձ համար, և բազմաթիվ հսկողական միջոցառումներ են արվում: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ՊԵԿ-ի՝ վերջերս հրապարակած բացահայտմանը, ըստ որի՝ 6,6 մլրդ դրամի չարաշահումներ են հայտնաբերվել մի շարք գազալցակայաններում:
«Ամեն ամիս հրապարակում ենք նաև հսկիչ դրամարկղային կտրոն չտրամադրելու դեպքերը, և տեսնում եք, որ գրեթե բոլոր խոշոր ներմուծողները, ընկերությունները, որոնք ոլորտում են աշխատում, խնդիր ունեն ստվերի հետ:
Բազմիցս դեպքեր եղել են, և զգուշացրել ենք՝ հետևողական ենք լինելու, ավելի լավ է՝ կամավոր դուրս գան հարկային կարգապահության դաշտ: Ցավոք սրտի, չի ստացվում, և ցավոք սրտի, շարունակում են նույն վարքագիծը դրսևորել»,- ասաց նա:
Բադասյանը նաև թվարկեց բացահայտված խախտումները՝ նշելով, որ դրանք վերաբերում են ԱԱՀ-ի մասով խարդախություններին, խոշոր ներմուծողից առանց փաստաթղթերի ապրանք ձեռք բերելուն կամ անապրանք հաշիվներ գրելուն, թերի հայտարարագրումներին: